вторник, 3 декабря 2013 г.

Վարկի էությունը և վարկի գործառույթները








6.2.            Դրամավարկային համակարգի դերը տնտեսության գործունեության մեջ
6.2.1.              Վարկի էությունը, ֆունկցիաները և ձևերը
Արտադրության լոգիկան այնպիսին է, որ փողերը գտնվեն շրջանառության մեջ: Այդ թվում լինում է պահ, երբ մի ֆիրմայի դրամական միջոները ժամանակավորապես ազատվում են, իսկ մեկ ուրիշ ֆիրմա փողի կարիք ունի:
Այս հատկությունը լուծվում է վարկի օգնությամբ: Վարկի հիմքն է հանդիսանում փոխառությունը:
Լայն իմաստով վարկը (լատիներեն creditum – պարտք) գործարք է տնտեսական գործակալների միջև, որն ընդունում է փոխառության տեսք, այսինքն մեկը մյուսին ունեցվածք կամ փող է տրամադրում վերադարձելիության, ժամկետայնության և վճարելիության սկզբունքով:
Ուստի պետք է ուշադրություն դարձնել նրա վրա, որ վարկի լայն ըմբռնումը ենթադրում է ոչ միայն դրամական, այլ նաև ունեցվածքային փոխառություն:
Վարկը առաջացել է նախնադարյան հասարակության վերացման շրջանում:
Սկզբնական շրջանում այն տրամադրվում էր բնական ձևով (ցորեն, նախիր և այլն), իսկ շրջանառության զարգացմանը զուգահեռ` դրամական ձևով:
Երկար ժամանակ վարկը հանդես էր գալիս վաշխառության ձևով, որի տոկոսը շատ բարձր էր: Ի հայտ եկած առևտրա-արդյունաբերական բուրժուազիան պայքարում էր վաշխառության և բարձր տոկոսի դեմ, որը խլում էր նրանց շահույթի մեծ մասը:
Կապիտալիզմը հաղթեց վաշխառությանը, երբ ստեղծեց վարկերի իր համակարգը:
Նեղ իմաստով վարկը փոխատվական կապիտալի շարժն է, որն իրականացվում է ժամկետայնության, վճարելիության և վերադարձելիության սկզբունքների վրա:
Վարկի նեղ ընկալումը ենթադրում է միայն դրամական փոխառություն: Վճարը փոխատվության դիմաց փոխատվության գինն է և հանդես է գալիս տոկոսի ձևով:
Վարկի աղբյուր են հանդիսանում ֆիրմայի ներքին միջոցները, որոնք շրջապտույտի ընթացքում ազատվում են:
Ուսումնասիրենք դրանք.
1.   Հիմնական կապիտալի շրջապտույտի ընթացքում տեղի է ունենում ամորտիզացիոն ֆոնդի գոյացում: Մինչև արտադրության նոր միջոցներ ձեռք բերելը այն կարող է տրամադրվել որպես վարկ:
2.   Շրջանառու կապիտալի մի մասը ազատվում է դրամական ձևով, որը նույնպես կարող է օգտագործվել վարկավորման նպատակով:
3.   Ժամանակավորապես ազատ դրամական կապիտալ կարող են հանդես գալ աշխատավարձի համար նախատեսված գումարները, որոնց վճարման ժամկետը դեռ չի լրացել:
4.   Արտադրությունը ընդլայնելու համար անհրաժեշտ է կուտակել բավարար քանակությամբ կապիտալ, իսկ մինչ դա այն կարելի է օգտագործել որպես փոխատվական կապիտալ:
Վարկը կատարում է երկու կարևոր ֆունկցիաներ.
1.   Վարկի միջոցով տեղի է ունենում դրամական միջոցների վերաբաշխում տնտեսության ոլորտների, ճյուղերի, մարզերի, ֆիրմաների միջև: Այդ գործառույթի իրականացումը հնարավորություն է տալիս իրական փողերը փոխարինել վարկային փողով (բանկնոտներ) և վարկային գործառույթներով (անկանխիկ հաշվարկ), ինչը կրճատում է շրջանառության ծախքերը:
2.   Վարկավորման եղանակից կախված և վարկավորման տարածաժամանակային բնութագրից ելնելով` վարկերը տարբեր ձևերով են դասակարգում:
Ըստ վարկավորման ժամկետի տարբերում են`
-     կարճաժամկետ (մինչև 1 տարի) վարկ
-     միջին ժամկետային (1-5 տարի)
-     երկարաժամկետ (6-10 տարի)
-     հատուկ երկարաժամկետ (20-40 տարի)
Ըստ տարածքային բնույթի` վարկը կարող է լինել միջազգային, պետական, բանկային, առևտրական, սպառողական, հիպոթեկային:
Միջազգային վարկը փոխատվական կապիտալի շարժն է միջազգային տնտեսական հարաբերությունների բնագավառում: Այն ունի ապրանքային կամ դրամական ձև: Վարկատու և վարկառու կարող են լինել պետությունը, բանկերը, մասնավոր ֆիրմաները:
Պետական վարկը տրամադրում է փոխառություն, որը պետությունը տալիս է բնակչությանը և մասնավոր բիզնեսին: Պետական վարկի վկայագրեր են պետական կարճաժամկետ պարտատոմսերը:
Առևտրական վարկը մի տնտեսավարող սուբյեկտը տրամադրում է մյուսին ապրանքներ վաճառելիս վճարման հետաձգումով: Սրա օբյեկտը ապրանքային կապիտալն է: Այն արագացնում է ապրանքաշրջանառությունը:
Սպառողական վարկը տրամադրվում է մասնավոր անձանց որոշակի ժամկետով (1-3 տարի) և որոշակի տոկոսով (մինչև 30%): Ապրանքներ գնելու նպատակով` մանրածախ առևտրի կենտրոնների միջոցով:
Հիպոթեկային վարկը տրամադրվում է հիպոթեկի ձևով, այսինքն դրամական փոխատվության, որը բանկերը տալիս են մասնավոր անձանց որոշակի գրավի (անշարժ գույք, հող, կառույցներ և ալն) դիմաց: Այս վարկի աղբյուր են հանդիսանում հիպոթեկային պարտատոմսերը, որոնք թողարկվում են բանկերի և ֆիրմաների կողմից:
Վարկային հարաբերությունների սուբյեկտներ են` պետությունը, տնային տնտեսությունները, ձեռնարկությունները, բանկերը, ապահովագրական կազմակերպությունները, տարբեր ֆոնդեր, եկեղեցիներ և ալն: Նրանց միջև ձևավորվում են վարկային հարաբերություններ: Դրանք արդյունավետ կարող են լինել միայն վարկի բոլոր մասնակիցների նյութական շահագրգռվածության դեպքում:
6.2.2.              Դրամավարկաին համակարգի էությունը
Յուրաքանչյուր երկիր ունի իր դրամավարկային համակարգը:
Վարկային համակարգը արժույթա-ֆինանսական հաստատությունների կոմպլեքս է, որը  կոչված է կարգավորելու տնտեսությունը` փոփոխելով շրջանառության մեջ փողի քանակը:
Ժամանակակից վարկային համակարգը բաղկացած է երեք հանգույցից` կենտրոնական բանկ, առևտրական բանկեր և մասնագիտացված դրամավարկային ինստիտուտներ:
Սրանցից յուրաքանչյուրը իրականացնում է իրեն համապատասխան ֆունկցիաները.
1.   Դրամա-տնտեսական ֆունկցիաները (աշխատանք ավանդատուների միջոցների հետ, պահպանման գործարքներ, վարկի տրամադրում, խորհրդատվություն և այլն) իրականացնում  են վարկային ինստիտուտները (բանկերը):
2.   Կարգավորման ֆունկցիաները (տոկոսադրույքի սահմանում, ռեզերվային նորմայի սահմանում) իրականացնում են Կենտրոնական բանկը և վերահսկողության մարմինները:
3.   Կանոնակարգման ֆունկցիաներ (վերահսկողություն մասնավոր բանկերի նկատմամբ) իրականանում են Կենտրոնական բանկը և ֆինանսների նախարարությունը:
Դրամական համակարգի առաջին մակարդակը ներկայացված է Կենտրոնական բանկով:
Նրա ֆունկցիաների մեջ մտնում են փողի էմիսիան (թողարկումը), պետական արտաքին պահուստի պահպանումը, այլ հաստատությունների ռեզերվների ռեզերվային ֆոնդի պահպանումը, հիմնականում առևտրային բանկերի, տնտեսության դրամավարկային կարգավորումը, վերահսկողությունը վարկային կազմակերպությունների նկատմամբ և այլն:
Այս բոլորի վերջնական նպատակն է դրամավարկային քաղաքականության իրականացումը:
Դրամավարկային քաղաքականությունը տոկոսադրույքի, դրամական զանգվածի և վարկի կառավարման քաղաքականությունն է:
Տոկոսադրույքի կառավարումն իրականացվում է հաշվարկային տոկոսադրույքի մակարդակի որոշման միջոցով:
Հաշվարկային տոկոսադրույքը տոկոսի այն նորման է, որով ԿԲ-ը կարճաժամկետ վարկեր է տրամադրում առևտրային բանկերին:
Առևտրային բանկերը իրենց գործունեության իրականացման համար անհրաժեշտության դեպքում վարկ են վերցնում ԿԲ-ից որոշակի տոկոսադրույքով, այսինքն հաշվարկային տոկոսադրույքով (ասենք 30%): Ստացած միջոցները բանկերը իրենց հաճախորդներին տրամադրում են ավելի բարձր տոկոսադրույքով,  (ասենք 40%), եթե ԿԲ-ն բարձրացնի հաշվարկային տոկոսադրույքը, ապա առևտրային բանկերը կբարձրացնեն իրենց հաճախորդների տոկոսադրույքները և հակառակը: Այսպիսով ԿԲ-ն ազդում է տնտեսության վրա` վարելով □էժան□ կամ □թանկ□ փողի քանակություն, որպեսզի խթանի կամ սառեցնի գործարար ակտիվությունը:
Դրամական զանգվածի կառավարումն իրականացվում է պարտադիր պահուստաֆոնդի նորմայի սահմանման միջոցով: Օրենքի համաձայն` առևտրային բանկերը պարտավոր են իրենց ներգրաված միջոցների մի մասը պահել ԿԲ-ի ռեզերվներում: Այդ ռեզերվի չափը սահմանում է ԿԲ-ն: Դրա մեծության իջեցման դեպքում առևտրային բանկերի վարկ տրամադրելու հնարավորությունն ընդլայնվում է և դրամական զանգվածը մեծանում է:
Ռեզերվների աճի դեպքում փողի առաջարկը փոքրանում է, իսկ նրանց գինը, այսինքն տոկոսադրույքը, աճում է, փողերը դառնում են □թանկ□: Ռեզերվի ստեղծման քաղաքականությունը դրամավարկային քաղաքականության ամենակոշտ գործիքն է:
Փողի քանակի կառավարումն իրականացվում է □գործարքներ բաց շուկայում□ սկզբունքի միջոցով, երբ ԿԲ-ն իրականացնում է արժեթղթերի առք ու վաճառք: Եթե ԿԲ-ն վաճառում է արժեթղթեր, ապա փոխարեն դրամական միջոցներ է ստանում, շրջանառության մեջ դրամի քանակը պակասում է, տոկոսադրույքը բարձրանում է և փողերը նորից □թանկանում□ են: Եթե ԿԲ-ն գնում է արժեթղթերը, դա բերում է տոկոսադրույքի նվազման և փողի □էժանացման□: Այս մեթոդը օգտագործվում է ԿԲ-ի կամ էկսպանսիոն (գնման) կամ ռեստրիկցիոն (վաճառքի) քաղաքականություն վարելու համար:
Վարկային համակարգի երկրորդ մակարդակը ներկայացված է առևտրային բանկերով, որոնք աշխատում են անմիջապես հաճախորդների` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ:
Առևտրային բանկերի ծառայությունների մեջ առանձնացնում են հետևյալները.
1.   ուղղակի վարկավորում, այսինքն` վարկի տրամադրում ժամկետայնության, վճարելիության և վերադարձելիության սկզբունքով:
2.   Բանկային ներդրումներ, այսինքն բանկը ձեռք է բերել բաժնետոմսեր և պարտատոմսեր:
3.   Լիզինգ, այսինքն բանկի միջնորդությամբ տարբեր սարքավորումների և ունեցվածքի արենդա:
4.   Ֆակտորինգ, այսինքն հաշիվների վճարվող գումարից հաճախորդի դեբիտորային պարտքի գանձումը անմիջապես կամ պարտքի մարման միջոցով:
5.   Տրաստային գործարքներ, այսինքն հաճախորդի կապիտալի կառավարման հետ կապված գործարքներ:
Վարկային համակարգի երրորդ մակարդակը ներկայացված է մասնագիտացված վարկաֆինանսական ինստիտուտներով` կենսաթոշակային ֆոնդ, ապահովագրական ընկերությունները, ինվեստիցիոն և հիպոթեկային բանկերը և այլն: Նրանք կենտրոնացնում են հսկայական դրամական միջոցներ և կարողանում են ազդել դրամավարկային քաղաքականության վրա:
Տնտեսության նորմալ գործունեության համար կարևոր է, որ բանկային համակարգը լինի կայուն:
Բանկային համակարգի կայունությունը խախտող գործոններն են.
-  ազգային արժույթի կուրսի անկայունությունը
-  ԿԲ-ի անհաջող դրամավարկային քաղաքականությունը
-  ոչ խելամիտ ֆիսկալ (հարկային) քաղաքականությունը
Դրամավարկային համակարգի կայունացման մեթոդներն են.
-  բանկային օրենսդրության կատարելագործումը,
-  նվազագույն բանկային ռեզերվների և հաշվարկային տոկոսադրույքի նորմաների համաձայնեցումը
-  բանկա-վարկային ծառայությունների նոր ձևերի զարգացումը և վարկային շուկայի տարողունակության կարգավորումը:


1 комментарий: