вторник, 5 февраля 2013 г.

Վահան Տերյան Բանաստեղծություններ




_____________________________________________





ԱՔՍՈՐԱՎԱՅՐՈՒՄ


Լուռ է գիշերը։ Սառույց է ու ձյուն... 
Պաղ լռությունը մռայլ է ու չար.
— Զարթիր, ըղձալի գարնան շառաչյուն,
— Պայթիր, փոթորիկ, կարող ու պայծառ։
Լուռ է երկիրը։ Երկինքը ամպոտ.
Մեկը թախծագին նայում է հեռուն, 
Մեկը կանչում է՝ «Զարթի՛ր, առավոտ», 
Ու շղթաներով աղմուկ է հանում... 
Ու մի արձագանք... գիշեր է ու ձյուն... 
Հանգիստ ննջում է մռայլ շրջական,
— Շողա, վրեժի մահաբեր դաշույն
— Հնչիր, փոթորիկ ժողովրդական...


_____________________________________________



      ***

Ես անջատված եմ հայրենի հողից,
Հայրենի տունս՝ իմ սրտին օտար.
Ինձ այրում Է միշտ մի անհագ թախիծ,—
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ...

Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,
Մագլցում վերև և թավալվում ցած,
Զմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց,
Հայրենական տուն, հավետ մոռացված...

Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,—
Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում,
Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.
— Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն.


_____________________________________________


ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ

Ես եմ ,դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,
- ես ու դու.
Ես էլ դու եմ` ես չըկամ...

Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ,միշտ մենակ...

Մոռացել ենք անցյալում
Տրտունջք,թախիծ ու խավար.-
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ
մեզ համար...

Ես եմ, դու ես, ես ու դու 
Գիշերում այս դյուական,
Մենք մենակ ենք-ես ու դու,
Ես էլ դու եմ` ես չըկամ...


_____________________________________________


Ի՞նչ մնաց ինձ

Ի՞նչ մնաց ինձ
Ոսկյա մի ցանց,
Ուրիշ ոչինչ:
Մարգարտաշար հուշերի գանձ – 
Ուրիշ ոչինչ:

Տրտում գիշեր և մենություն անօգնական,
Սիրտ կեղեքող կարոտ անանց - ուրիշ ոչինչ:

Երազներից իմ հրավառ մնաց փոշի,
Սին անուններ կորած կանանց – ուրիշ ոչինչ:

Ջինջ իմ հոգում մնաց մշուշ ծանր ու մթին,
Եվ իմ հոգում քամու կաղկանձ – ուրիշ ոչինչ:

Պարիր, քամի, այգում այս մերկ ոռնա ու լաց,
Տար, մի թողնի, քամի անսանձ – 
Ոչինչ, ոչինչ…



_____________________________________________


ԱՂԲՅՈԻՐ

Մահու պես դաժան ձմեռն է իջել,
Մարել են, մեռել — երգ, ծաղիկ ու բույր.
Դու քար ցրտում էլ, ձյուների մեջ էլ,
Հավետ կենդանի, կարկաչո՜ւն աղբյուր...

Ժեռ սարի կրծքից դու դուրս ես թռչում,
Սառույցը ճեղքում — գոհարներ ցողում, 
Ծաղրանքով ձյունի երեսն ես թրջում, 
Մռայլ երկնի դեմ պայծառ ծիծաղում։

Քո մեջ ապրում է հույսը չըմարող...
Դո՜ւ, որպես գալիք գարունների լուր,
Դո՜ւ, որպես սերը՝ մահու դեմ՝ կարող —
Ազատության ե՜րգ, կարկաչո՜ւն աղբյուր...

_____________________________________________

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

Հեռացի՛ր, աշուն, համրորեն լացող, 
Ողջույն քեզ, մրրիկ ահեղաշաչյուն, 
Ողջույն քեզ, կռվի առաջին հնչյուն՝ 
Լույսի պես կարող, խոսքի պես խոցող... 
Գրկիր իմ հոգին մարտի ցնծությամբ, 
Բորբոքի՛ր սիրտըս, ազատության երգ, 
Շողա՛ մռայլում, ըղձալի եզերք, 
Որոտա՛, շաչիր, փոթորկավետ ամպ...

_____________________________________________


Комментариев нет:

Отправить комментарий